ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով ևս 23 մարդ տեղափոխվել է Հայաստան, 20–ը` Արցախ

Քաղաքացիները կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23 մարդ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,– ասաց Ամատունին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։