ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲԸ–ի հաշվապահ Ա.Ս.–ն 2017-2022 թվականներին հափշտակել է շուրջ 255 մլն դրամ գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին դատախազությունը Քննչական կոմիտե է ուղարկել ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած ստուգման արդյունքները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Ջրառ» ՓԲԸ–ի գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 66 հազար 540 դրամ գումար (ընկերության հաշվեհամարից իր անձնական հաշվեհամարին փոխանցումներ է կատարել): Մասնավորապես, բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ա.Ս.-ն, պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, հնարավորություն է ունեցել միանձնյա տնօրինելու «Ջրառի» բանկային հաշվեհամարները»,– ասված է հաղորդագրությունում:
2022 թվականի հունվարի 26-ին հսկող դատախազը որոշել է Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը):
Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը և պաշտոնավարման կասեցումը։