ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Ալեքսանդրետ քաղաքում բնակվող Զամբակչյանների ընտանիքը հրապարակային դիմել է ՀՀ կառավարությանը` հայրենադարձության համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Հարցն այն է, որ Կարապետը ՀՀ քաղաքացի է, սակայն նրա ծնողները` Հարությունն ու Մարին, Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ են։ Ընտանիքի որդին դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի օգնեն հայրենիք վերադառնալ։
«Երկրաշարժի ժամանակ Կարապետ Զամբակչյանը, Հարություն Զամբակչյանը և Մարի Մարտիկյանը կորցրել են իրենց տունը և բոլոր փաստաթղթերը։ Սփյուռքի գործերի գրասենյակը կապ է հաստատել ՀՀ արտգործնախարարության համապատասխան ստորաբաժանման հետ` դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն անելու համար։ Եթե խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, ապա հնարավոր է 1 օրում տրամադրել վերադարձի թուղթ ու մեր հայրենակիցները կարող են հասնել Հայաստան»,– նշեց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա նրանց պարագայում որոշակի փաստաթղթեր են պետք կամ գոնե հասնել է պետք ՀՀ պետական սահման։
Թուրքիայից և Սիրիայից հայրենադարձների հնարավոր հոսքի մասին խոսելով էլ Ալեքսանյանը շեշտեց` ներկայում վաղաժամ են բոլոր կանխատեսումները։ Նրա խոսքով` պետք է սպասել իրավիճակի կայունացմանը, որից հետո հնարավոր է, որ հայրենադարձների թիվը մեծանա։
Նշենք` Հովհաննես Ալեքսանյանն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին տարիներին Հայաստանում աճել է հայրենադարձության տեմպերը։ Հայրենադարձության գրասենյակը 2022 թվականին ստացել է շուրջ 10.000 դիմում` հայրենադարձության տարբեր փուլերին վերաբերող։ 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում էլ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին հայրենադարձության և ինտեգրման հարցերով դիմել է շուրջ 300 մարդ։