ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը, կենտրոնացվածության բարձր մակարդակ կա: ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները:
Նշենք, որ աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։
«Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը:
Հանձնաժողովն առաջարկել է էլեկտրոնային հարթակ գործարկել, որը հնարավորինս շատ տեղեկություն կտրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի և որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաև գնի վերաբերյալ: Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը:
Ընդգծվում է, որ հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգում ներգրավված կլինեն ՄՊՀ-ն և ՊԵԿ-ը՝ կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը և իրատեսականությունը դիտարկելու համար: