Գնահատում ենք ձեր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյանը` Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի ու Կորեայի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կի Հուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են առևտրատնտեսական, գիտական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը:
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ նախագահը կարևորել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության բացումը, որը մեծ առաջընթացի հնարավորություն կտա հայ-կորեական հարաբերություններում:
Գործընկերները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին և դրա հետևանքներին վերաբերող հիմնախնդիրներ:
«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ և հույս ունենք, որ Կորեան կշարունակի աջակցել միջազգային միջնորդների ջանքերին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում»,- ասել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ապահովելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ և ապահով կազմակերպումը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։