Երևանի «Ոսկու շուկան» կվերսկսի աշխատանքը

Երևանի «Ոսկու շուկան». Արխիվային լուսանկար
Ընկերությանը նոր կարգադրագիր է ներկայացվել` դեռևս չվերացված խախտումների համար հստակ ժամանակացույց է սահմանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը թույլատրել է «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ի (Երևանի «Ոսկու շուկա») գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային աանվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Ոսկու շուկայում» ուսումնասիրություններ են արվել տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և ընկերության համապատասխան դիմումի հիման վրա։
«Արդյունքում պարզվել է, որ ՏՄ–ի նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման։ Կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայում տնօրինությունը դրանց վերացման ուղղությամբ կատարում է մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմինը ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Ոսկու շուկայի» հետագա գործունեությունը։
Նոր կարգադրագիր է ներկայացվել՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։
Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում էր կայացրել փետրվարի 8-ին։