Դատարանում մենք մեր անմեղությունը կապացուցենք. Օհանյանը` դատախազի միջնորդագրերի մասին

Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` ԱԺ–ում միջնորդագրերի քննարկմանը չեն մասնակցել, որովհետև այս իշխանությունների առաջնահերթություններում անվտանգային խնդիրները գերակա չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչում դատախազության կողմից ներկայացված մեղադրանքներում։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ փետրվարի 7-ին ԱԺ–ն սկսեց քննարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը` Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

«Բոլոր այդ գործերի վաղեմությունն անցած է, և եթե մենք ստորագրեինք (դիմում՝ վաղեմության ժամկետը անցնելու պատճառով գործը կարճելու մասին-խմբ.), չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, որովհետև գտնում ենք, որ մեղավոր չենք և այդ գործերը շինծու են։ Որևէ հարցում, որևիցե շահ մենք չենք ունեցել և որևէ շրջանակի հետ պայմանավորվածություններ չենք ունեցել »,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` միջնորդագրերի քննարկմանը չեն մասնակցել, որովհետև այս իշխանությունների առաջնահերթություններում անվտանգային խնդիրները գերակա չեն։
«Նաև չենք մասնակցել, որովհետև մենք պատասխանատու չենք այս իշխանությունների մեծամասնության առջև»,–ասաց նա։
Օհանյանը հավելեց, որ իրենց մեղադրանք է առաջադրվել, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում,որտեղ էլ իրենք իրենց անմեղությունը կապացուցեն ու կներկայացնենք հանրությանը։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հանցավոր արարքների կատարում: