ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Դատախազը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։
Նա անցնում է նաև մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։
Հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։