Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող հարցեր են քննարկել

Անջեյ Կասպրչիկն ու Արարատ Միրզոյանը
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի մասին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։