ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում հաշվառված «Aquila Technics» ընկերության տնօրեն Կարեն Ավդալյանը 170 հազար դոլար է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, մասնավորապես, որ Ավդալյանը 2018-ի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները:
Պարզվել է, որ Կ.Ա.-ն տեղյակ է եղել, որ օդանավի` կոռոզիայի ենթարկված «THS Actuator» պահեստամասը կարող է 200 000 դոլարով ձեռք բերել անգլիական «Avtrade limited» ընկերությունից։ Սակայն նա 2021 թվականի մայիսի 7-ի կեղծ գրությամբ կոմիտեին առաջարկություն է ներկայացրել պահեստամասի օգտագործված տարբերակը 310 000 դոլարով գնել այդ պահին գոյություն չունեցող` կիպրական «Brightcom Aviation Ltd» ընկերությունից:
Դրանից հետո ևս մեկ կեղծ գրությամբ Քաղավիացիայի կոմիտեին հայտնել է, թե իբր վերոհիշյալ պահեստամասը վաճառվել է՝ առաջարկելով նույն ընկերությունից ձեռք բերել նույն պահեստամասն առավել բարձր արժեքով՝ 370 000 դոլարով:
Պահեստամասի ձեռքբերման համար կոմիտեից Կ.Ա.-ի ղեկավարած ընկերությանն է փոխանցվել 370 000 դոլար, որից 170 000 դոլարին համարժեք դրամը Կ.Ա.-ն խարդախությամբ հափշտակել է:
Պարզվել է նաև, որ կատարվածը քողարկելու համար Կ.Ա.-ն Քաղավիացիայի կոմիտե ներկայացրած կեղծ հաշիվ-ապրանքագրերում նշված հասցեով (Gastras, 4 Athienou, 7600, Cyprus) 2021թ. հունիսի 8-ին հիմնադրել է Brightcom Limited անվամբ ընկերությունը:
Որոշում է կայացվել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի (2021–ին գործող) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) և քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը և օգտագործելը):