ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացվել։Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Վանթյան 61ա հասցեում գործող «Անուշ» տրիկոտաժի ընկերությունում՝ հրդեհային անվտանգության խախտումների վերացման համար 2022-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու համար։
«Պարզվել է, որ ընկերությանը պատկանող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այդ թերություններն անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, և հենց դա է հիմք ընդունվել նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշման հարցում։