Անթալիայում ձերբակալվել է փլուզված տան կապալառուն, որը տուժող էր ձևանում

Շինարարական ընկերության սեփականատերը պատրաստվում էր ընտանիքի հետ արտերկիր մեկնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժից հետո փլուզված բնակելի շենքերից մեկի կապալառուին ձերբակալել են Անթալիայի հյուրանոցում։ Տեղեկությունը հայտնում է Cumhuriyet թերթը։
Նշվում է, որ Kule Apartman բազմաբնակարան շենքի շինարարության 49-ամյա կապալառու ու Cihan Inşaat ընկերության սեփականատեր Օմեր Ջիհանը ձերբակալվել է հյուրանոցում, որտեղ գտնվել է ընտանիքի հետ՝ որպես երկրաշարժի զոհ ներկայանալով:
Ոստիկանությունը հաղորդում է ստացել Ջիհանի՝ արտասահման փախչելու ծրագրերի մասին և օպերատիվ կերպով ձերբակալել է նրան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությունը 10 նահանգներում ավելի քան 132 հազար շենքերի գնահատումից հետո հայտնել էր, որ դրանցից 7584-ը փլուզվել են կամ շտապ ապամոնտաժման կարիք ունեն: 12 617 շենք բնակության համար ոչ պիտանի վիճակում է։
Թուրքիայում ավելի քան 31 հազար մարդու կյանք խլած ուժեղ երկրաշարժերից հետո փլուզված շենքերում թերությունների պատճառով երկրում սկսել են ձերբակալել կապալառուներին, շինարարներին ու կոնստրուկտորներին։ Խոսքը տասնյակ մարդկանց մասին է:
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ