ԱՄՆ-ն մտադիր է գրոհայիններ ուղարկել ՌԴ և ԱՊՀ երկրներ ահաբեկչության համար. ՌԴ ԱՀԾ

Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ն այդ նպատակների համար ընտրում է ջիհադիստական խմբավորումների գրոհայիններին, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Ամերիկյան հատուկ ծառայություններն այս տարվա հունվարին Սիրիայում հավաքագրել են 60 գրոհայինների, որոնց Էթ Թանֆի բազայում մարզելուց հետո ծրագրվում է նետել Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ՝ ահաբեկչություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով` ԱՄՆ-ն այդ նպատակների համար ընտրում է ջիհադական խմբավորումների գրոհայիններին, որոնք փոխկապակցված են «Իսլամական պետության» և «Ալ Քաիդայի» հետ (երկուսն էլ արգելված են Ռուսաստանում):
«Այս տարվա հունվարին ընտրվել է 60 այդպիսի ահաբեկիչ, որոնք Մերձավոր Արևելքում մարտական գործողություններին մասնակցելու փորձ ունեն։ Ներկայումս նրանք արագացված պատրաստության դասընթաց են անցնում Սիրիայի Էթ-Թանֆի ամերիկյան ռազմակայանում։ Այնտեղ նրանց սովորեցնում են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման և օգտագործման հմտություններ, ինչպես նաև դիվերսիոն-քայքայիչ գործունեություն իրականացնելու հնարքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում լավ պահպանվող օբյեկտների, այդ թվում` արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումների ծրագրման հարցերին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱՀԾ-ի տվյալներով՝ մոտ ժամանակներս նախատեսվում է փոքր խմբերով գրոհայիններ նետել Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ։ Նրանց առջև դրված կլինեն դիվանագետների, պետական ծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների և զինված ուժերի անձնակազմի դեմ ահաբեկչությունների նախապատրաստման և իրականացման խնդիրներ: Նշվում է, որ համապատասխան աշխատանքները նրանք իրականացնելու են միջազգային ահաբեկչական խմբավորումների, այդ թվում «Հիզբ ութ-Թահրիրի», «Ջամաաթ Անսարուլլայի» և «Ուզբեկստանի իսլամական շարժման» (արգելված են Ռուսաստանում) ընդհատակյա բջիջների հետ փոխգործակցությամբ։
ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչական կազմակերպության բջիջ է ոչնչացրել Ղրիմում