ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր ուրախությունն է հայտնել, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանն աջակցություն է ցուցաբերել։ Այս մասին նաև գրել է Twitter-ի իր էջում։
«Թուրքիայում այսքան ողբերգությունների ֆոնին ուրախալի է տեսնել այն աջակցությունը, որը ցուցաբերել է իր հարևան Հայաստանը և դրանից առաջացած դրական արձագանքը»,– գրել է Կլաարը։
Փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա:
Նշենք, որ երկրաշարժից տուժած շրջան Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար է ուղարկել Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին՝ մարդասիրական օգնություն։
Բեռնատարները հայ–թուրքական սահմանը հատել են Մարգարայի կամրջով. հայկական կողմը 5 բեռնատար 100 տոննա սննդով, դեղորայքով, ջրով և առաջին անհրաժեշտոթյան այլ պարագաներով օգնություն է ուղարկել Ադիյաման։