ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է` հասնելով շուրջ 8500-ի։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը։
«Դժվար է ասել հստակ թիվ, դրանք ամեն օր աճում են։ Այն, ինչ մենք գիտենք այսօր, Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում մահացել է մոտ 4.000 և տուժել 2.500 մարդ։ Սիրիայի հյուսիս–արևմուտքում` մոտ 4.5 հազար մարդ է մահացել, ևս 7.500-ը վիրավոր է»,– ասել է նա։
Նա ընդգծել է նաև, որ այդ թվերը դեռ կարող են աճել։
Թուրքիայում էլ զոհերի թիվն աճել է՝ հասնելով 29.605-ի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով` երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000-ը, ավելի քան 5000 տուժած կա։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Նույն երկրաշարժը ավերածություններ է գործել նաև Սիրիայում։