ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը մտադիր է թողնել պաշտոնը 2023 թվականի աշնանը

Յենս Ստոլտենբերգ. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ Ստոլտենբերգը «բացառիկ ծառայություններ է մատուցել ՆԱՏՕ-ին», հատկապես Ուկրաինայի հակամարտության ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2023 թվականի սեպտեմբերի 30-ին, մտադիր չէ հերթական անգամ երկարաձգել այն, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերմանական dpa գործակալությունը, որը մեջբերում է դաշինքի ղեկավարի ներկայացուցիչ Օանու Լունգեսկուի խոսքը:
«Նա մտադրություն չունի մանդատի երկարաձգման հասնել»,-ասել է Լունգեսկուն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնը զբաղեցնոում է գրեթե ինը տարի։ Վերջին անգամ Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է անցյալ տարվա մարտին` մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջը:
Դրա հետ մեկտեղ, գերմանական Welt am Sonntag թերթի տեղեկություններով, դաշինքի անդամ երկրների շրջանում Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը մինչև 2024 թվականի գարուն երկարացնելու ոչ պաշտոնական համաձայնություն կա, որպեսզի նա կարողանա նախագահել ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որը տեղի կունենա Վաշինգտոնում հաջորդ տարվա ապրիլին: Այս մասին պարբերականը հայտնել է՝ վկայակոչելով իր աղբյուրները դիվանագիտական շրջանակներում։
Դիվանագետների տեղեկությունների համաձայն` նախատեսվող երկարաձգման պատճառը, որի մասին պաշտոնական որոշումը կկայացվի գարնանը, այն է, որ Ստոլտենբերգը «բացառիկ ծառայություններ է մատուցել ՆԱՏՕ-ին», հատկապես Ուկրաինայի հակամարտության ֆոնին:
Ֆինլանդիայի նախագահը վստահ է, որ իր երկիրը մինչև հուլիս ՆԱՏՕ-ի անդամ կդառնա
Նրանք նշել են նաև, որ գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետի երկարաձգումը նաև «երաշխավորում է կայունությունը «դաշինքի վերևում» այս բարդ ժամանակներում»:
Պարբերականի աղբյուրները ենթադրում են, որ պաշտոնը թողնելուց հետո Ստոլտենբերգը Համաշխարհային բանկի նախագահ դառնալու լավ շանսեր ունի։ ՀԲ-ի ներկայիս ղեկավար Դեյվիդ Մալպասի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2024 թվականի ապրիլին։