«Նա մտավ սահադաշտ և սլացավ». Սեմյոն Դանիելյանցը պատմել է ՀՀ տեղափոխվելու և երազանքի մասին

Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը
Ինչպես Մոսկվայում ծնված ու մեծացած տղան սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում զբաղեցրեց 4-րդ տեղն ու անձնական ռեկորդ սահմանեց։ Sputnik Արմենիան զրուցել է գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցի հետ։
Sputnik
Չմուշկների վրա ավելի վստահ, հավասարակշռված, հարմարավետ ու ապահով, քան կոշիկներով... գուցե շատերի համար տարօրինակ թվա, բայց հայազգի 15-ամյա գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը հենց այսպես է նկարագրում իրեն։
Օրվա ընթացքում սառցեդաշտում նա ավելի շատ ժամանակ է անցկացնում, չնայած դրան իր ունեցած կոտրվածքների մեծ մասը սառույցի վրա չեն եղել։
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը
«Մարմնիս տարբեր հատվածներում 5 կոտրվածք եմ ունեցել, որոնցից 3–ը սառույցին չի եղել։ Դա նորմալ է, որովհետև երբ ես կոշիկներով եմ, այնպիսի տպավորություն է, որ ոտաբոբիկ եմ։ Կարող եմ փողոցով գնալ ու հավասարակշռությունս կորցնել, կամ կարող է ոտքս ոլորվել, բայց սառույցի վրա դա անհնար է»,– պատմում է Սեմյոն Դանիելյանցը։
Ամեն ինչ սկսվել է 13 տարի առաջ։ 3 տարեկան 10 ամսական աշխույժ, ճարպիկ ու ճկուն երեխայի էներգիան ճիշտ սպառելու համար ծնողները որոշեցին նրան սպորտի տալ։ Այդքան փոքր տարիքում ընդունում էին միայն գեղասահքի ու սպորտային մարմնամարզության։ Բախտի բերմամբ սահադաշտն էր ավելի մոտիկ։
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը
«Նա մտավ սառցե դաշտ ու գնաց... ավելի շուտ վազեց, չէր ընկնում, պարզապես սլանում էր առաջ»,– մեզ հետ զրույցում պատմում է Սեմյոնի մայրը` Նատալյա Դանիելյանցը։
Արդեն 13 տարի է` տղան սառույցին է ու այլևս չի պատկերացնում իր առօրյան առանց գեղասահքի։
Թե երբ է ստացել առաջին մեդալն, արդեն չի հիշում, կորցրել է նաև մեդալների քանակի հաշիվը։ Միջազգային մրցույթի առաջին անգամ Սեմյոնը մասնակցել է 12 տարեկանում։ Այդ ժամանակ հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։ Հիմա Սեմյոն Դանիելյանցը գեղասահքի Հայաստանի հավաքականի մարզիկ է։
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցի մայրը
Սեմյոնի հայրը հայ է, մայրը` ուկրաինուհի։ Նա ու իր երկու քույրերը ծնվել, մեծացել են Մոսկվայում։ Տղան առաջին քայլերը գեղասահքում հենց այնտեղ է արել։ Նրա մարզիչը ռուս հայտնի գեղասահորդ Ալեքսանդր Վոլկովն է։ Հենց նա էլ նախաձեռնել է, որ Սեմյոնը տեղափոխվի Հայաստանի հավաքական։
«Մարզիչս մի օր ասաց ինձ` իսկ դու չե՞ս ուզում Հայաստանի թիմում հանդես գալ ։ Ես չգիտեի ինչ պատասխանել, զարմացած նայում էի նրան։ Նա կրկին հարցրեց` դու 100 տոկոսով հա՞յ ես, ասացի` այո... ու վերջ։ Տեսանյութ նկարեցինք, ուղակեցինք Հայաստան, ու ես տեղափոխվեցի այստեղ»,– պատմում է Սեմյոնը։
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը մոր հետ
2021-ից Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սեմյոն Դանելյանցն արդեն մի քանի միջազգային մրցույթների է մասնակցել։ Օրեր առաջ Իտալիայում կայացած Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում Սեմյոն Դանիլիանցն ընդհանուր հաշվարկով գրավել է չորրորդ տեղը: Այս նվաճումն անձնական ռեկորդ էր մարզիկի համար։
«Ես կատարեցի իմ բոլոր թռիչքները, այդ թվում` քառակի։ Ընդհանուր հաշվարկով 181 միավոր վաստակեցի, մինչ այդ ամենաշատը 160 էի հավաքել, սա իսկապես ռեկորդ էր ինձ համար»,– պատմում է Սեմյոնը։
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը պարապմունքի պահին
Չնայած Սեմյոնի մայրը` Նատալիան գոհ չէ, որովհետև տղայից ավելին է ակնկալում, բայց գեղասահորդը նաև լավ առաջադիմությամբ է աչքի ընկնում դպրոցում։ Սպորտային պարապմունքներից բացի արդեն սկսել է պատրաստվել ընդունելության քննություններին։ Մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, անգլերեն ու ռուսերեն է պարապում։ Որոշել է ինժեներ դառնալ ու իր ապագան հենց այդ ոլորտում է պատկերացնում։
«2026 թ. -ին կդառնամ օլիմպիական չեմպիոն ու կթողնեմ մեծ սպորտը։ Ամբողջությամբ ուսումով կսկսեմ զբաղվել»,– վստահեցնում է պատանի մարզիկը։
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը
Բայց այս ամենը մի քանի տարի անց, հիմա առաջին տեղում սպորտն է։ «Շատ վտանգավոր սպորտաձև է, վնասվածք ստանալու վտանգը մեծ է, ամեն ընկնելուց ծնկներդ, ձեռքերդ, արմունկներդ ցավում են։ Հեշտ չէ, բայց երբ սիրում ես, ամեն ինչ հաղթահարելի է»,– ասում է տղան։
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը
Սեմյոն Դանելյանցն այն եզակի երիտասարդ մարզիկներից է, որ կատարում է եռակի ակսել, քառակի տուլուպ և քառակի սալխով։ Պատանին հիմա աշխատում է մյուս քառակի թռիչքների վրա։ Իր երազանքին հասնելու` օլիմպիական չեմպիոն դառնալու համար նա պետք է կատարի բոլորը։
Գեղասահորդը ժպտում է ու ասում` միայն ժամանակի հարց է...
Գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը պարապմունքի պահին