ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Կառավարությունը նախորդ տարեվերջին փոխհատուցել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի 5 ընտանիքներին, որոնց կովերը գողացել էին ադրբեջանցիները: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Կութի բնակիչ, համայնքի նախկին ղեկավար Սիմա Չիթչյանը, որը նույնպես տուժած գյուղացիներից է:
«Նախորդ տարվա դեկտեմբերին մեզ փոխհատուցեցին, ամեն կովի համար 280 հազար դրամ: Ճիշտ է, քիչ է փոխհատուցումը, մենք այդ գնով չենք կարող նույնքան անասուն գնենք, բայց ինչ անենք, գոնե այդքանը տվեցին, նորից պետք է անասուն առնենք, որ անասնապահությամբ զբաղվենք, փոխհատուցած գումարի մի մասով էլ անասնակեր ենք գնել»,- պատմել է նա:
Սիմա Չիթչյանը հավելել է, որ ադրբեջանցիները իրենց դիրքերում են, գյուղից երևում են, բայց իրենք շարունակելու են ապրել գյուղում ու զբաղվել անասնապահությամբ:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Կովերի գողությունը կատարվել էր 2021-ի հունիսին։