Ամերիկացիները խոստովանում են, որ գազատարների պայթյուններն իրենց ձեռքի գործն են. Լավրով

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ «Հյուսիսային հոսք-1»-ի և «Հյուսիսային հոսք-2»-ի պայթյունները իրենց ձեռքի գործն են, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ըստ էության, ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ «Հյուսիսային հոսք-1»-ում և «Հյուսիսային հոսք-2»-ում տեղի ունեցած պայթյուններն իրենց ձեռքի գործն են։ Հիմա նույնիսկ հաճույքով են այդ մասին խոսում»,-ասել է նա «Զրույց կարևորի մասին» տեղեկատվական-լուսավորչական դասին տված հարցազրույցում, որը նվիրված էր «Ռուսաստանը և աշխարհը» թեմային։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն դա արել է ռուսական էներգառեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների վրա հիմնված հզոր դաշինքը քանդելու համար, քանի որ այն սկսել էր սպառնալ ամերիկյան շատ կորպորացիաների մենաշնորհային դիրքին:
Ավելի վաղ ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ ինքն է «Հյուսիսային հոսքերում» պայթյունների մասին հոդվածի հեղինակը։
Հերշի հոդվածում ասվում է, որ անցյալ ամռանը ռազմածովային ուժերի ջրասուզակները, գործելով ՆԱՏՕ-ի Baltops 22 զորավարժությունների քողի տակ, տեղադրել են հեռակառավարվող պայթուցիկ սարքեր, որոնք երեք ամիս անց ոչնչացրել են Հյուսիսային հոսքի չորս խողովակաշարերից երեքը։
Հերշը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը որոշել էր դիվերսիա իրականացնել «Հյուսիսային հոսքերում»՝ ազգային անվտանգության թիմի հետ ավելի քան 9 ամիս գաղտնի քննարկումներից հետո։ Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կապ չունի անցյալ տարի «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետ։
ՌԴ Պետդումայի խոսնակը անհրաժեշտ է համարում պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահին
Flightradar24 արխիվում ՌԻԱ Նովոստիի կողմից անցկացված հետքերի վերլուծությունից հետևում է, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի ռազմածովային ուժերի ինքնաթիռները 2022 թվականի հունիսին՝ Baltops-22 զորավարժությունների ժամանակ, պարբերաբար պտտվում էին «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի ապագա պայթյունների վայրերում։ Flightradar24-ի տվյալների համաձայն՝ հունիսի 8-6-ը Գերմանիայի և ԱՄՆ-ի P-3 Orion և P-8 Poseidon ինքնաթիռները կանոնավոր թռիչքներ են իրականացրել ապագա պայթյունների վայրերում: Միևնույն ժամանակ, ռազմական ինքնաթիռները իջնում էին մինչև փոքր բարձրություններ և գրեթե յուրաքանչյուր թռիչքի ժամանակ անջատում էին հաղորդիչները, ուստի նրանց հետագծերի մի մասը պորտալը չի գրանցել:
Հիշեցնենք` 2022 թ. սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն`գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք–1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք–2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։
Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։ «Հյուսիսային հոսք–1»–ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ ՌԴ գլխավոր դատախազությունը «Հյուսիսային հոսք» գազատարների վնասումից հետո միջազգային ահաբեկչության մասին գործ էր հարուցել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք» գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ակնհայտ ահաբեկչություն է: