Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գների կանխատեսվող թանկացման մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը զարմացրել է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանին։
Հայտնել ենք, որ փետրվարի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Քերոբյանը հայտարարել էր, որ հայ տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման խնդրի առաջ են կանգնել ռուսական նավթամթերքի նկատմամբ արևմտյան սանկցիաների պատճառով։ Եվ եթե անխափան մատակարարման խնդիրը չլուծվի, հայաստանյան շուկայում գներն ամենայն հավանականությամբ կբարձրանան։
«Նավթի գների վերաբերյալ կանխատեսում անելը շատ դժվար է աշխարհաքաղաքական ամենօրյա փոփոխությունների ֆոնին։ Բացի այդ, նախարարի շուրթերից նման հայտարարություն ուղղակի չպիտի հնչեր, քանի որ կառավարության անդամը մեսիջներ է տալիս հանրությանն ու բիզնես դաշտին, ըստ որոնց մարդիկ կայացնում են որոշումներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Քերոբյանի մեսիջը, մեր զրուցակցի համոզմամբ, կարող է արհեստական խնդիրներ ստեղծել բենզինի շուկայում` հանգեցնելով արհեստական պահանջարկի ու չարդարացված գնաճի։
«Երբ կառավարության անդամի մակարդակով հայտարարվում է, որ այսինչ ոլորտում կարող է թանկացում լինել, պահանջարկն արհեստականորեն բարձրանում է, այնուհետև դրան հաջորդում են դեֆիցիտն ու գնաճը»,– ասաց մասնագետը։
Նաիրի Սարգսյանը հիշեցնում է, որ նախարարի ու կառավարության խնդիրը ոչ թե փաստն արձանագրելն ու դրա մասին հայտարարելն է, այլ կանխատեսումների վերաբերյալ որոշումներ կայացնելը։ Օրինակ` ներկրումների շուկայի դիվերսիֆիկացումը։
«Եթե կանխատեսվում է, որ Փոթիի նավահանգիստը կարող է այլևս չսպասարկել ՌԴ–ից վառելիքի ներկրումները կամ դա կարող է գնաճի վրա լուրջ ազդեցություն ունենալ, միգուցե կարելի էր դիտարկել Իրանից կամ Իրանի տարածքով ներկրումներ իրականացնելու տարբերակը»,– ասաց Սարգսյանը` արձանագրելով, որ սահմանափակումները ռուսական նավթամթերքի նկատմամբ միանգամից չեն որոշվել ու կիրառվել. դա տեղի է ունեցել փուլ առ փուլ, և ՀՀ կառավարությունը բավական ժամանակ է ունեցել դրանց հնարավոր հետևանքները գնահատելու ու այլընտրանքային լուծումներ գտնելու համար։
«Հետևաբար, տնային աշխատանքը չկատարած նախարարը հայտարարի, որ նավահանգստի կամ ճանապարհների պատճառաբանությամբ կարող է գների բարձրացում լինել, սա ուղղակի նախարարի հայտարարելու բանը չէր»,– ասաց Սարգսյանը։
Միաժամանակ, Աուդիտորների պալատի նախագահը չի բացառում, որ Քերոբյանի հայտարարությունը որոշակի նպատակ էր հետապնդում, օրինակ, դիզվառելիքի գարնանային թանկացումը նախօրոք արդարացնելու հող նախապատրաստելը։
Գարնանային ցանքը բավական վառելիքատար գործընթաց է։ Այդ ժամանակահատվածում դիզվառելիքի պահանջարկը կտրուկ բարձրանում է, ուստի, ըստ Սարգսյանի, չի բացառվում, որ կառավարության ներկայացուցիչն իր հայտարարությամբ նախապես որոշակի կեղծ լուրեր է տարածում 1-2 ամիս հետո սպասվող գնաճն արդարացնելու համար։
«Այս գործընթացում երկու շահառու կա` ներկրողները և պետությունը։ Ներկրողը բարձր գնից ավելի շատ շահույթ է կուտակում, իսկ պետությունը բարձր գնից մեծ հարկեր է հավաքագրում։ Դրա համար եմ ասում` հնարավոր է, որ պետությունը ներկրող–վաճառողների հետ համաձայնեցված գնա այս քայլին, որպեսզի կարողանան հարկեր հավաքագրել»,– ասաց Սարգսյանը։
Մեր հարցին, թե արդյոք դա պետության մասնակցությամբ հակամրցակցային համաձայնություն չէ, Նաիրի Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե։ Բայց ես դա չեմ բացառում»։
Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարից բացի փետրվարի 9-ին ռուսական նավթի մասին հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա հայտնել էր, որ մարտ ամսից Ռուսաստանը նվազեցնելու է նավթի արդյունահանումն օրական 500 000 բարելով (79.5 մլն լիտր)։
ՌԴ–ի այս որոշումը, Նաիրի Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի նավթամթերքի շուկայի վրա էական ազդեցություն չի ունենա, քանի որ արդյունահանման ծավալի կրճատումն արվում է իրացման ծավալները հաշվի առնելով, որոնց շարքում հաշվարկված է նաև Հայաստան արտահանվող նավթամթերքի ծավալը։
«Ռուսաստանը չի կարող առանց որևէ հաշվարկի արդյունահանման ծավալներն այնպես կրճատել, որ միայն ներքին պահանջարկը բավարարի, և չկարողանա իր ազդեցության գոտիներին կամ իր բարեկամ, պատժամիջոցներ չկիրառող երկրներին վաճառք իրականացնել»,– ասաց Սարգսյանը։
Այս տեսակետից, սակայն, Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ Քերոբյանի հայտարարությունը կարող էր ուղղված լինել նաև արևմտյան լսարանին։
«Չի բացառվում, որ ոչ պաշտոնական մակարդակում արևմտյան ճնշումների ֆոնին Հայաստանն ինքը ցանկանա հրաժարվել ռուսական վառելիքի ձեռքբերումից։ Իհարկե` դա մատուցելով որպես ռուսական կողմի մատակարարման թերացում»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի ներմուծման նկատմամբ արևմտյան հերթական սահմանափակումը. լոգիստիկ ընկերություններին արգելվում է փոխադրել ռուսական նավթամթերքը, եթե այն մատակարարվում է սահմանված առավելագույն գնային շեմից` 1 բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով։ Իսկ Ֆինանսական ընկերություններին արգելվում է ապահովագրել նման գործարքները։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պարզաբանմամբ` Հայաստանն այս սահմանափակման հետևանքով կարող է դժվարություններ ունենալ ներկրման հարում, քանի որ ՌԴ–ից ՀՀ հեղուկ վառելիքը գալիս է Սև ծովով, մասնավորապես` Փոթիի նավահանգստով, որի կառավարիչը հոլանդական ընկերություն է, հետևաբար` խստորեն հետևում է Արևմուտքի սահմանափակումների կատարմանը։
ՀՀ ՊԵԿ տվյալների համաձայն` ՌԴ–ից Հայաստան ներկրված նավթ–նավթամթերքի տարեկան ծավալը 2020թ–ին կազմել է 325 326, 2021-ին` 346 962, 2022-ի առաջին կիսամյակում` 180 582 տոննա։
Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից ներկրման ծավալները, սակայն, տարեցտարի նվազել են (2020թ–ին` 110 268 տ, 2021-ին` 77 140, 2022-ի առաջին կիսամյակում` 26 954տ)։
Հայաստանը վերջին տարիներին նավթամթերք է ներկրել նաև ԵՄ երկրներից, Եգիպտոսից, Հունաստանից ու այլ երկրներից, բայց անհամեմատ փոքր ծավալներով։
Ինչ վերաբերում է հեղուկ վառելիքի գներին, նշենք, որ հայաստանյան լցակայաններում այսօր АИ- 95 (Պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 350 դրամով, АИ- 92 (Ռեգուլյար) տեսակինը` 320-330 դրամով, դիզվառելիքի 1 լիտրը` 510 դրամով։
Համեմատության համար նշենք, որ 2022թ–ի դեկտեմբերին АИ- 95 (Պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 420 դրամով, АИ- 92 (Ռեգուլյար) տեսակինը` 400, դիզվառելիքի 1 լիտրը` 540 դրամով։