ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 665-ի, ավելի քան 80 000 տուժած կա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակին (AFAD):
«Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով 11 նահանգում 20 665 մարդ է մահացել, փրկվել են 80 088-ը, 92 697-ը տարհանվել են աղետի գոտուց»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։