ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:
Նա կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:
Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում ԶՈւ–ում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավել սպայակազմի սոցիալական պայմանները:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ այցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։