ՌԱԴԻՈ

Փորձառու ոստիկանները «Համմերի» վարորդին կվնասազերծեին 3-5 րոպեում. Պետրոսյան

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի խոսքով` պարեկների ոչ պրոֆեսիոնալ գործելակերպի պատճառով հասարակությունը չի կարող վստահ լինել, որ մեքենայի ղեկին հենց այն մարդն է եղել, որի մասին հայտնել է ոստիկանությունը, ոչ թե որևէ պաշտոնյա կամ պաշտոնյայի բարեկամ։
Sputnik
Եթե անփորձ պարեկների փոխարեն փորձառու ոստիկաններ լինեին, Երևանում լարված իրավիճակ ստեղծած «Համմեր» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելու անհրաժեշտ գործողությունները կկարողանային իրականացնել 3-5 րոպեում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` վերլուծելով երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը։
«Հրապարակի մեջտեղում այդ անձը երթևեկում է անկանոն ձևով, մայթերով, մարդկանց վրա քշելով։ 20-30 ոստիկան 10-15 մեքենաներով հետապնդում են ու չեն կարողանում վնասազերծել մեկ մեքենայի։ Ավելին` քաղաքի կենտրոնում 6-10 կրակոց է արձակվում։ Մի քանի սանտիմետր հեռավորությունից մեքենայի անվադողերի վրա կրակում են ու չեն կարողանում կանգնեցնել մեքենան։ Սա ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն անփորձ ու ապիկար են, այլև անգրագետ»,– ասաց Պետրոսյանը։
Փորձառու մասնագետը նկատում է, որ պարեկները մի քանի ավտոմեքենայով չեն կարողանում շրջափակել օրինախախտին այնպես, որ փախուստի ճանապարհ չունենա։
«Մեքենաների արանքից դուրս է գալիս ու մարդկանց վրա է քշում, պարեկներից մեկին է վրաերթի ենթարկում։ Տա Աստված, որ այդ տղային ոչ մի լուրջ բան պատահած չլինի։ Եթե ոստիկանության մեքենաները ճիշտ կանգնեցնեին, ճիշտ արգելափակեին, այդ մեքենան չէր կարող երթևեկել։ Եթե այս բոլոր անհրաժեշտ միջոցները ոստիկանությունը ճիշտ կիրառեր, կարելի էր քննարկել նաև, թե արդյոք անհրաժեշտ էր հրազեն կիրառել։ Իմ գնահատմամբ` անհրաժեշտ բոլոր միջոցները չեն իրականացրել ու բավականին անբաշար ձևով են իրականացրել»,– ասաց Պետրոսյանը։
Թաթուլ Պետրոսյանը նաև մեկ այլ վարկած է առաջ քաշում` հիշեցնելով, որ պարեկներին այդպես էլ չի հաջողվել հետապնդելու ժամանակ բռնել կարգազանցին։ Նա ավտոմեքենան թողել էր փողոցում ու փախել, իսկ բերման է ենթարկվել ժամեր անց, ինչը կասկածների տեղիք է տալիս։
«Հիմա հասարակությունը որքանո՞վ վստահ լինի, որ մեքենայի ղեկին հենց այդ թմրամոլն է եղել, ոչ թե ինչ–որ մի պաշտոնյայի ցինիկ, լկտի մի բարեկամ կամ հենց պաշտոնատար անձ»,– ասաց նա։
Պետրոսյանը հիշեցրեց պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն` ՀՀ–ում հանցագործությունների քանակն 80 տոկոսով աճել է։ Ծանր և առանձնապես ծանր, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակն աճել է համապատասխանաբար 30, 50, 70 տոկոսով։
Նրա բնորոշմամբ` անպատժելիությունը Հայաստանում վերածվել է բնական վիճակի։ Հիմնական պատճառն, ըստ նրա, արդարադատության, ոստիկանության համակարգից փորձառու մասնագետներին ազատելն ու նրանց անփորձ կադրերով փոխարինելն է։
«Ոստիկանության ծառայողին պատրաստել նշանակում է, որ փորձ ու գիտելիք ունեցող աշխատակիցները պետք է նրանց փորձ ու գիտելիք փոխանցեն։ Եվ ոչ թե տեսական գրքեր դնեն, թեստեր տան ու ասեն` որ այս թեստերը լուծես, ոստիկան կդառնաս»,– ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով պարեկները կրակել են «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի:
Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքի դիտավորյալ վնասելը) և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվել է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Ինչպես են ձերբակալել «Համմերի» վարորդին. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել