ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Փաշինյանը նշել է, որ բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ ունեցող հայ-իրանական ջերմ և բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն երկու երկրների համար։
«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդեն ավելի քան երեք տասնամյակ է՝ ականատեսն ենք երկկողմ անշեղ և կայուն համագործակցության»,–գրել է նա։
Փաշինյանը համոզված է, որ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում թրծված հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը, որի բազմոլորտ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և անվտանգության։
«Մեծապես կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման շուրջ մեր պատկերացումները՝ վերահաստատում եմ նախորդ տարի իմ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստան այցելելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը»,– ասել է վարչապետը։
Նա Իրանի բարեկամ ժողովրդին կայուն խաղաղություն է մաղթել։
Ավել վաղ Իրանին շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։