Կոռուպցիայի դեմ պայքար ՀՀ–ում. Ջերմուկում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել

Փաշինյանը կարևորել է մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությունը բարելավելու նպատակով անհրաժեշտ են օրենսդրական նոր փոփոխություններ: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստում, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է Ջերմուկում։
Նիստում քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:
Նշվել է, որ հայտարարագրման համակարգի զարգացման ուղղությամբ արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային նոր համակարգ, որով էլ այս տարի պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձինք լրացնելու են հայտարարագրերը:
Հայաստանը կարող է վերադառնալ 2018թ. Փաշինյանը նիստի է հրավիրում յուրայիններին
2020 թվականի համեմատ նախորդ տարի առավել քիչ թվով գործեր են ուղարկվել գլխավոր դատախազություն, սակայն ավելացել են վարչական վարույթները:
Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման ոլորտում ներդրվել են կոռուպցիան կանխարգելող մեխանիզմներ: Պատասխանատուները նշել են, որ հակակոռուպցիոն կրթության ծրագրեր են ներդրվելու նախակրթարաններից մինչև բուհական համակարգ:
Միաժամանակ ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման գործընթացը:
Վարչապետն իր հերթին կարևորել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվելիք նոր ծրագրերի, համակարգերի զարգացման ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման ապահովումը:
«Այսօրվա նիստում հնչեցված առաջարկությունները պետք է դառնան ուղենիշ ռազմավարության համար: Հակակոռուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ միլիմետր»,- ընդգծել է վարչապետը։
Միաժամանակ Փաշինյանը կարևորել է պատկան գերատեսչությունների կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը:
Նա հայտարարել է, որ որևէ բան անարձագանք թողնել չի կարելի և արդյունքների մասին հանրությանը պետք է տեղեկություն տրամադրել։