ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) փետրվարի 13–ից մասնագետներ կուղարկի սիրիահայերի տներ, որոնք ավերվել կամ վնասվել են Սիրայի երկրաշարժի հետևանքով, որպեսզի գույքագրում իրականացնի և վերանորոգի դրանք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։
«Մենք պետք է այնպես անենք, որ հայ ընտանիքները տուն վերադառնան։ Այն հայերը, որոնց տներն ավերվել են կամ վնասվել, կարող են դիմել Սիրայի հայ բարեգործական ընդհանուր միությանը, և, ըստ առաջնահերթության, կսկսվեն վերանորոգման աշխատանքները»,–ասաց նա։
Ներսոյանը նաև նշեց` բոլոր նրանք, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց տներ, համայնքը կարող է տեղավորել երկրաշարժից տուժած քաղաքացիների ընդունելության կենտրոններում։
Տուժած հայերի թիվը դեռ հայտնի չէ։
«Վիրավորների թիվը դեռ հստակ չէ, 2 մահ ունեցանք, 2 մարդու վիճակն էլ շատ ծանր է»,- ասաց նա։
Նրա խոսքով` Հայ բարեգործական ընդհանուր միության կառույցները կհոգան ֆինանսական ծախսերը։
Միությանը նվիրատվություններ են ուղարկում Եգիպտոսից, Իրաքից, Ավստալիայից, Լիբանանից և այլ երկրներից։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 21 043-ի, 80 097 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։