ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,– Twiter–ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 213-ի, 80 052 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։