«Վերին Լարսով» ճանապարհը բեռնատարների համար բացվել է

«Վերին Լարս». Արխիվային լուսանկար
Ռուս–վրացական սահմանին եղանակային բարդ պայմանների պատճառով բեռնատարների երթևեկությունը 5 օր արգելափակված էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Վերին Լարսով» ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Փետրվարի 5-ից «Վերին Լարսով» ճանապարհը փակ է բեռնատարների համար, փետրվարի 9-ի երեկոյան ժամերից էլ երթևեկությունը վերականգնվել էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
«Գուդաուրի–Կոբի ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է, այդ թվում կցորդով և կիսակցորդով մեքենաների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Մլեթա–Գուդաուրի և Գուդաուրի–Կոբի հատվածներում երթևեկությունը շուրջօրյա ռեժիմով կիրականացվի միայն անվտանգ թունելներով։ Բացի դրանից, թունելներով միակողմանի թույլատրվում է կցորդով և կիսակցորդով բեռնատարների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։
Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ավելի քան 1000 հայկական բեռնատար հերթում սպասում Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությանը։