Վերին Լարսում ավելի քան 1000 հայկական բեռնատար է կուտակվել. Վահան Հակոբյան

Վերին Լարս. արխիվային լուսանկար
Վերին Լարսում գոյացած հերթերում ներկա պահին թեթև մարդատար մեքենաներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վերին Լարսում ավելի քան 1000 հայկական բեռնատար է սպասում Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկության բացմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Փետրվարի 5-ից Վերին Լարսով ճանապարհը փակ է բեռնատարների համար, փետրվարի 9-ի երեկոյան ժամերից էլ երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
«Բեռնատարների համար սահմանը դեռևս շարունակում է փակ մնալ, սակայն խոսակցություններ կան, որ օրվա 2-րդ կեսին կբացվի, եթե եղանակային անակնկալներ չլինեն: Այս պահի դրությամբ ՀՀ-ից դուրս է եկել մոտ 400-500 բեռնատար, որոնք դեռևս չեն հատել ՌԴ սահմանը: Ըստ ՌԴ մաքսային ծառայության տվյալների` ռուսական կողմում հերթի մեջ կա 500-600 հայկական բեռնատար, որոնք ուղևորվում են դեպի ՀՀ»,– ասաց Հակոբյանը։
Ըստ ՌԴ մաքսային ծառայության տվյալների՝ երեկ ժամը 18:00-ից մինչև այսօր 10:00 ՌԴ-ից դեպի Վրաստան է անցել ավելի քան 500 մարդատար մեքենա, իսկ հակառակ ուղղությամբ` շուրջ 700:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9 կիլոմետրանոց թունելի մասին է։