Վահագն Խաչատուրյանը գրառում է արել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում

Վահագն Խաչատուրյանը գրառում է արել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում
ՀՀ նախագահը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Սիրիայի դեսպանատուն։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը։
Խաչատուրյանը գրառում է արել Սիրիայում տեղի ունեցած, հարյուրավոր զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի կապակցությամբ բացված սգո մատյանում:
«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,–գրել է ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանը գրառում է արել Հայաստանում Սիրիայի դեսպանատանը բացված սգո մատյանում
Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
Նորա Արիսյանն ու Վահագն Խաչատուրյանը
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներ
Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։