Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 9 հայ է մահացել. Էստուկյան

«Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը. Արխիվային լուսանկար
Բագրատ Էստուկյանը հայտնեց, որ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկ տասնյակից ավելի քիչ մարդ դեռ փլատակների տակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ համայնքից 9 մարդ է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Հայ համայնքում անհետ կորածներ չունենք, սակայն կան մարդիկ, որ դեռևս փլատակների տակ են։ Նրանց թիվը մեծ չէ` հազիվ թե մեկ տասնյակի հասնեն»,–ասաց նա։
Էստուկյանը հավելեց, որ հետզհետե հույսը մարում է, որ փլատակների տակից կարող են դուրս բերել ողջ մնացածների։ Իսկ որոնողափրկարարական աշխատանքներն ավելի ինտենսիվ շարունակվում են այն հատվածներում, որտեղից փրկարարները ձայն են լսում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվում է նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և նրա ամուսինը։
Բացի այդ, երկրաշարժի հետևանքով զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը:
Հայտնի է նաև, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում զոհվել են հայ ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխան։
Թուրքիայում հայ փրկարարները թուրք երեխայի են դուրս բերել փլատակներից