Մոլորակի ամենատարեց բնակիչը նշել է 122-ամյակը

Ծեր մարդ. Արխիվային լուսանկար
Տղամարդն ունի 5 երեխա, 13 թոռ, 16 ծոռ և մեկ ծոռնորդի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Բրազիլացի Ապարեսիդա դի Գոյանիա Անդրելինո Վիեյրա դա Սիլվան նշել է ծննդյան 122-ամյակը։ Տեղեկություն հայտնում է Daily Mail-ը։
Ըստ փաստաթղթերի` տղամարդը ծնվել է 1901 թվականի փետրվարի 3-ին, ինչը նրան իրավունք է տալիս հավակնել աշխարհի ամենատարեց մարդու կոչմանը։ Չնայած դրան, նա չի շտապում պաշտոնապես հաստատել իր տարիքը և չի ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:
Երկարակյացն ունի 5 երեխա, 13 թոռ, 16 ծոռ և մեկ ծոռնորդի։ Նրա ընտանիքն ունի երեք տուն, որոնք գտնվում են նույն հողատարածքի վրա։ Դրանցից մեկը պատկանում է Վիեյրա դա Սիլվային։ Տղամարդու թոռնուհիներից մեկի խոսքով՝ պապիկի 122-րդ տարեդարձը ընտանիքը համեստ է նշել։
«Այս տարի չենք ուզում որևէ բան կազմակերպել։ Մեր ընտանիքի որոշ անդամներ խնդիրներ ունեն, ուստի մենք երեկույթի տրամադրություն չունենք», - ասում է նա։
Կինն ավելացրել է, որ չնայած ծերությանը, Վիեյրա դա Սիլվան ակտիվ կենսակերպ է վարում:
«Մեծ ուրախություն է ընտանիքում ունենալ այս տարիքի մարդ, որը կարող է մեզ ներկայացնել իր պատմությունները։ Աղջիկս նախապապ ունի, ես նախապապ չեմ ունեցել։ Մենք գնահատում ենք նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահը։ Նա ճանապարհորդում է, բարեր է գնում, շատ հետաքրքրություններ ունի», - ասում է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ ֆրանսիացի միանձնուհի քույրը՝ Անդրեն (Լյուսիլ Ռանդոն), մահացել է 118 տարեկան հասակում: Ինչպես հայտնել է ծերանոցի ներկայացուցիչը, որտեղ քույր Անդրեն ապրել է 2009 թվականից, նրա մահը վրա է հասել քնած ժամանակ։