ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ոստիկանության էրեբունում բաժնում երկու փաստաբանի ծեծի վերաբերյալ զանգ է եղել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն պատասխանող չի եղել։ Այս մասինհրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ես երեկ հետաքրքրվեցի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ինչու չեն հրավիրվել, պարզվեց, որ պաշտպանի գրասենյակից զանգերին պատասխանող չի եղել։ Սա անհանգստացնող իրավիճակ է։ Եթե մեր գործընկերները փաստաբան են և այսօր փաստաբանական համայնքն իրենց կողքին կանգնեց, պատկերացնո՞ւմ եք`նմանատիպ իրավիճակում շարքային քաղաքացին ինչ անպաշտպան վիճակի մեջ է լինելու»,–ասաց Զոհրաբյանը։
Փաստաբանը հավելեց` անկախ հանգամանքից` մարդու իրավունքների պաշտպան այս պահին կա, թե ոչ, պետք է լինի պաշտպանին փոխարինող, որը նման դեպքերում կարձագանքի։
Նշենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնում բռնության ենթարկված փաստաբաններն են Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը։ Տեղի ունեցած միջադեպը Փաստաբանների պալատը որակում է որպես ինստիտուտի դեմ քայլ։
Հիշեցնենք, որ ըստ ՓՊ–ի` փետրվարի 9–ին ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանները անչափահասի ու ոստիկանության օպեր լիազորի առերեսման ժամանակ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող փաստաբանների նկատմամբ կիրառել են բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությանը: