Լաչին և ԼՂ առաքելություն գործուղելը հրամայական է. Պապիկյանը` ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հրամայական է հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հարցը բարձրացրել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։
«Նա կոչ է արել ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը։ Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։
Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:
Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։