ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «5165» շարժման նախկին առաջնորդ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը որոշում է կայացրել դադարեցնել քաղաքական գործունեությունն ու փոխարենն առավել ակտիվ զբաղվել հասարակական գործունեությամբ։
«Իմ քաղաքական գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ես խորապես ընկալեցի 2 բան. այն, որ տարիներ շարունակ երկրում տարվող հակամարդկային, հակաժողովրդական, հակազգային քաղաքականության արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվել է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի և ուժի նկատմամբ անվստահություն, անհավատություն ու խորշանք, և այն որ ազնիվ ու կարող մարդիկ խուսափելով այս կամ այն կերպ մասնակիցը դառնալ երկրում վարվող քաղաքականությանը, քաղաքականությամբ զբաղվող ապիկարներին են թողնում մեր և մեր զավակների ճակատագիրը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Տոնոյանը։
Նա խոստացել է ուշադրության կենտրոնում պահել երկրում առկա քաղաքական և քաղաքակրթական խնդիրները և ամեն ինչ անել հանուն հայրենիքի զոհված տղաների պայքարը ավարտին հասցնելու համար:
«Ես հավատում եմ մեր երկրի ապագային, որի համար զոհաբերվել է մեր լավագույն զավակների կյանքը, իսկ այդ ապագան սկսվում է անվտանգությունից և հայոց հզոր բանակի կայացումից»,– գրել է Տոնոյանը։
Նա շնորհակալություն է հայտնել «5165 շարժման» ամբողջ թիմին, որ իրեն առաջարկեցին առաջնորդել շարժումը` դրանով իսկ Հայաստանի քաղաքական դաշտում սկիզբ դնելով անկուսակցական անհատի կողմից քաղաքական ուժի ղեկավարման նոր մշակույթին։
Նա հաջողություն է մաղթել և հավաստել` քանի դեռ այս քաղաքական ուժը հավատարիմ կմնա իր նպատակին և գաղափարին, նա միշտ կհետևի և կսատարի նրանց` միաժամանակ լինելով առաջին քննադատը և խորհրդատուն: