ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մեզ համար Իրանը մինչ օրս եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, ով իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առիթով Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ»,– հայտարարել է փոխվարչապետ Գրիգորյանը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ` ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին խոսելիս կարելի է դրանք ներկացնել որպես օրինակելի, հիմնված վաղեմի հարաբերությունների, բարիդրացիականության և փոխադարձ վստահության վրա։
«Հարաբերություններ, որոնք աջակցում են երկու ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական փոխգործակցությունների երկարամյա պատմությունը։ Մենք՝ որպես անբաժան հարևաններ, մշտապես կիսել ենք միմյանց վիշտն ու ուրախությունը»,- շեշտել է դեսպանը։
Նա հավելել է, որ Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև ինստենսիվ հանդիպումներն ու խորհրդակցությունները շարունակվում են։ Իրանը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։