Իրանի հետախուզությունը ձերբակալել է Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակումն իրականացնողներին

Թեհրան. Արխիվային լուսանկար
Ըստ տեղեկությունների` բացահայտվել է, որ Իսրայելի համար աշխատող գործակալները մասնակցություն են ունեցել հարձակման կազմակերպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Իրանական հետախուզությունը ձերբակալել է Սպահան քաղաքում իրանական պաշտպանության նախարարության օբյեկտի վրա ԱԹՍ–ների հարձակումն իրագործողներին։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իրանի տեղեկատվության նախարարության հայտարարությունը։ Նշվում է, որ բացահայտվել է Իսրայելի համար աշխատող գործակալների մասնակցությունը։
«Հայտնաբերվել և ձերբակալվել են հունվարի 28-ին Սպահանում պաշտպանության նախարարության արտադրական կենտրոններից մեկում անհաջող դիվերսիայի հիմնական կատարողները»,- գործակալությունը մեջբերում է գերատեսչության հայտարարության տեքստը:
Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել։ Wall Street Journal թերթն էլ գրել էր, որ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։
Իրանական ԶԼՄ–ներ գրել էին, որ ռազմական օբյեկտը փոքր անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել է, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հայտնել էին, որ անօդաչուներից մեկը խոցվել է ՀՕՊ միջոցներով, մյուս երկու սարքերը որսացել են զինվորականներն ու պայթեցրել։ Աղբյուրին հղում անելով՝ Al-Arabiya հեռուստաալիքը հայտարարել էր, որ անօդաչուների գրոհին մասնակցում էր ԱՄՆ ավիացիան։