ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մոսկվայում վստահ են, որ Բրյուսելը տարածաշրջանում անվտանգության համակարգը փոխելու նպատակ է հետապնդում և հուսով են, որ Երևանը հասկանում և հաշվի է առնում դա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկն է հերքել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն ու Ռուսաստանը միասին ագրեսիա են ծրագրում Բաքվի դեմ»։
«Եթե նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելը, ապա այդ փորձը դժվար թե հաջողված համարվի»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ՌԴ սահմանապահները աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում։
Միևնույն ժամանակ, Մոսկվան երբեք չի լսել Բաքվի մտավախությունները, պահանջներն այս հարցում, և միևնույն ժամանակ գիտի Ադրբեջանի քննադատական վերաբերմունքը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման նկատմամբ։
Զախարովան նշել է, որ Բրյուսելում նպատակ ունեն փոխել անվտանգության համակարգը, որը ստեղծվել է տարածաշրջանում։ Դրա հիմնաքարը ռուս զինվորականների ու սահմանապահների առկայությունն է, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Բացի այդ, դա այն քաղաքական կամքն է, ոգին, որը որոշումներ է գործնականում իրականացնում, եռակողմ համաձայնություններ են ձեռք բերվում։ Նա նշել է, որ դա անվտանգության ընդհանուր պատկերի զգալի մասն է։
«Անդրկովկասում կայունության պահպանմանն ուղղված միջոցառումների բարելավման համար մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության հարցում` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ներառյալ համապատասխան զարգացումները ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներն իրենց աշխատանքը կսկսեն փետրվարի 20-ից։ Նրանց կազմում Ֆրանսիայից 8 ժանդարմ է լինելու։