ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, արտասահմանյան ռուսական հաստատությունների ներկայացուցիչները ՌԴ դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գրիբոյեդովը հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշն է, և ավելացրեց` շատ հաճելի է, որ դիվանագիտական ծառայությունն իր մասնագիտական տոնն ունի, և որ Հայաստանում Գրիբոյեդովի արձանն է տեղադրվել։
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը
© Sputnik / Stringer
Դիվանագետի խոսքով` Գրիբոյեդովը հայրենիքին ծառայելու օրինակ է, ի շահ իր երկրի աշխատելու իրական առաջնահերթությունները հասկանալու օրինակ:
«Ալեքսանդր Սերգեևիչն ապրել և աշխատել է շատ բարդ ժամանակներում, չեմ ուզում համեմատվել նրա հետ, բայց հիմա էլ հեշտ ժամանակներ չեն։ Եվ մեզ համար, ռուս-հայկական հարաբերությունների համար Գրիբոյեդովը խորհրդանիշն է այն բանի, թե ինչպես պետք է իրեն պահի իսկական մարդը, իսկական ռուսը և իսկական դիվանագետը»,- ասաց Սելեզնյովը։
Դեսպանատան խորհրդական-դեսպանորդը նաև նշեց, որ իրենք արդեն եղել են գերեզմանատանը, որտեղ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել խորհրդային ու հայ դիվանագետներին, հայկական դիվանագիտական գերատեսչության ղեկավարներին: Նա հիշեցրեց, որ այդ ավանդույթն արդեն 20 տարվա պատմություն ունի։
Նշենք, որ ՌԴ դիվանագիտական աշխատողի օրը սահմանվել է 2002 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: Օրը պատահական չի ընտրվել, ամսաթիվը կապված է Ռուսաստանի առաջին արտաքին քաղաքական գերատեսչության (այն ժամանակ կոչվել է «Պոսոլսկի պրիկազ») հետ, որի մասին ամենավաղ հիշատակումը եղել է 1549 թվականի այս օրը, իսկ առաջին ղեկավարը եղել է Իվան Միխայլովիչ Վիսկովատովը (Վիսկովատի), որին Ռուսաստանի թագավոր Իվան Ահեղը դեսպանի գործ է հանձնարարել։