Երևանում երթուղային «Գազելը» հարբած վիճակում վարած վարորդը հեռացվել է աշխատանքից

Պարեկների անցկացրած փորձաքննությամբ պարզվել էր, որ 69–ամյա տղամարդն ալկոհոլային ազդեցության ամենաբարձր աստիճանի վրա է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հարբած վիճակում աշխատանքի դուրս եկած և ուղևորափոխադրում իրականացրած 77 համարի երթուղայինի վարորդը հեռացվել է աշխատանքից։ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Տեղեկացնում եմ, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից»,– գրել է Սարդարյանը։
Հիշեցնենք` պարեկներն այսօր Երևանում հայտաբերել են երթուղայինի վարորդի, որը հարբած վիճակում տեղափոխում էր 12 ուղևորի։ Պարեկային ծառայողները նկատել են, որ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։ Նրանք կանգնեցրել են «Գազելը» ու վարորդին ենթարկել սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա վարել է մեքենան ոչ սթափ վիճակում։ Ավելին`փորձաքննությունը ցույց է տվել, որ նա եղել է ալկոհոլային ազդեցության ամենաբարձր աստիճանի վրա։
Վարորդը Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանն է։