ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է քաղաքական իշխանությանը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու ու նրա նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Վիլեն Գաբրիելյանն ու նախկին նախարարը բարեկամներ են, և պատգամավորն այդպես վարվելու պատճառներ ունի։
Նշենք, որ Տոնոյանը գրեթե մեկուկես տարի է` գտնվում է կալանքի տակ, թեև իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունն անձամբ պարզել հենց Վիլեն Գաբրիելյանից, թե նա կոնկրետ ում է դիմել՝ ՀՀ վարչապետի՞ն, միգուցե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՞ն, կամ միգուցե ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՞ն, ինչին ի պատասխան նա հայտնեց. «Ինչ կա, հրապարակային դաշտում ասել եմ։ Ես ոչ մեկին նրա հարցով չեմ դիմել»։
Այնուամենայնիվ, օրաթերթը պնդում է, որ Գաբրիելյանն իրականում դիմել է նման խնդրանքով։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: