Վերին Լարսը բացվել է, բայց միայն թեթև մարդատարների համար

Բեռնատարների համար անցակետը դեռևս փակ է մնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա նշեց, որ բեռնատարների համար անցակետը և լեռնանցքը դեռևս փակ է մնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային պայմանների պատճառով ռուս-վրացական սահմանը և Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։