ՀՀ կառավարությունը ցանկանում է մեքենաների գազաբալոնների ստուգման գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին, բայց դրա համար պետք է իրականացնի ավելի խիստ վերահսկողություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «ԴԻՋԻՍԵՐՎԻՍ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Սերգեյ Սարադյանը` նշելով, որ այս պահին նույնիսկ ցուցանիշ չկա, թե մեքենաների քանի տոկոսն է գազիֆիկացված։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում 166.000 վարորդ կատարել է մեքենայի գազաբալոնը պարտադիր ստուգելու պահանջը, սակայն ցուցանիշներն այդքան էլ չեն գոհացնում։ Նախարարը մատնանշեց նաև օրենսդրական այն փոփոխությունը, համաձայն որի` մարդիկ չեն կարող մեքենայի տեխզննում իրականացնել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն։
«Թեև ոչ մի տեխկայանում մեքենաների հերթ չկա, բայցևայնպես վարորդները չեն շտապում իրենց մեքենաների գազաբալոնները ներկայացնել ստուգման։ Գործընթացը սպասվածից շատ դանդաղ է ընթանում։ Կոնկրետ մեզ մոտ հայտնաբերվել են ժամկետանց գազաբալոններ կամ այնպիսիք, որոնք ունեցել են պիտանելիության ժամկետ, սակայն ճնշման ներքո ժամանակից շուտ դեֆորմացվել էին։ Մոտ 70 գազաբալոն արդեն փոխել ենք։ Յուրաքանչյուր ամիս սպասարկում ենք 50 մեքենա։ Օրենքով պետք է բոլոր վարորդներին պարտադրեն, որպեսզի անցնեն այդ ստուգումը»,– ասաց Սարադյանը։
Թեև նա դրական գնահատեց փետրվարի 25-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի` մարդիկ չեն կարող մեքենայի տեխզննում իրականացնել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն, բայց մյուս կողմից էլ նշեց, որ շատ վարորդները պարզապես գազաբալոնները կհանեն–կպահեն տանը և կասեն, որ մեքենան գազով չի աշխատում, այդպես կանցնեն տեխզննում, այնուհետև կվերադառնան և կրկին գազաբալոնը կտեղադրեն մեքենայի մեջ, միայն թե 10000 դրամ չվճարեն։
«Վերահսկողության գործընթացում պետք է ակտիվորեն ներգրավվեն պարեկները։ Եթե գազաբալոնի ստուգում չի իրականացվել, ապա թող արգելվի նույնիսկ մեքենայի սեփականատիրոջ անվանափոխումը։ Գազալցակայանները նույնպես պետք է հետևողական լինեն և չսպասարկեն չստուգված մեքենաներին, մինչդեռ շատերը համապատասխան թուղթ չեն պահանջում վարորդներից»,– ասաց մեր զրուցակիցը։
Ըստ պաշտոնական տվյալների` ստուգումների ընթացքում մոտ 4800 բալոն խոտանվել է, և դրանցից 4400-ը ժամկետանց է եղել, իսկ ավելի քան 300-ն էլ հենց ստուգման ընթացքում պայթել են կամ վնասվել։ Հայաստանում այս պահին մոտ 60.000-62.000 մեքենա էլ հերթագրված է գազաբալոնի ստուգում անցնելու համար։ ՏԿԵ նախարարության և գործարար միջավայրի համատեղ աշխատանքների արդյունքում հանրապետությունում արդեն իսկ գործում է 82 կայան։