ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և մի շարք ոլորտներում համատեղ նախագծերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը դիվանագետին և Իրանի ժողովրդին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ և խաղաղություն մաղթել։
«Մեր բազմադարյա հարաբերությունները մեզ հուշում են, որ մենք միմյանց վերաբերվել ենք շատ բարեկամաբար, հարգանքով և պարտավոր ենք այդ ավանդույթները շարունակել: Մեր երկու երկրները սերտ համագործակցում են և ապագային այդ նույն տրամադրվածությամբ ենք նայում, որպեսզի ավելի ընդլայնենք մեր համագործակցությունը, մեր երկրները միմյանց ավելի ներկայանալի դարձնենք»,- ասել է նախագահը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-իրանական բազմաշերտ համագործակցության զարգացմանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժի ամբողջական իրացման շուրջ:
Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիական, հանքարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև հաղորդակցության ուղիների կառուցման և փոխգործակցության լայն հնարավորություններ ընձեռող այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Զոհուրին գոհունակությամբ նշել է, որ չնայած անցնող տարվա դժվարություններին, հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել և այդ տեմպը հարկավոր է պահպանել և զարգացնել: Իր խոսքում դեսպանն անդրադարձել է նաև հայկական և իրանական վերլուծական կենտրոնների միջև կապերի սերտացման ու համագործակցության զարգացման դրական միտումներին:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: