Սուր շնչառական վարակների մասով ՀՀ-ում այս պահին նկատվում է որոշակի կայունացում. Ավանեսյան

Դեղատուն. Արխիվային լուսանկար
Ավանեսյանի խոսքով` սեզոնայնությամբ պայմանավորված փետրվարի վերջից մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում կարող է սուր շնչառական վարակների ևս մեկ ալիք լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանում սուր շնչառական վարակների մասով այս պահին նկատվում է որոշակի կայունացում։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր զարգացումներին, եթե հանկարծ սուր շնչառական վարակների աճ նկատվի։
«Սեզոնայնությամբ պայմանավորված փետրվարի վերջից մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում կարող է ևս մեկ ալիք լինել, որի դեպքում կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ»,–ասաց նա։
Նշենք, որ դեկտեմբերի վերջին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում, սեզոնայնությամբ պայմանավորված, սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն կա։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ից դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ։