Տնտեսական հանցագործության դեպք ՀՀ–ում. ՍՊԸ–ն չի գրանցել աշխատակիցներին, որ քիչ հարկ վճարի

Քննչական կոմիտեն ընկերության աշխատակիցների բնակության հասցեներում, գործունեության վայրերում կատարել է խուզարկություններ, առգրավել է բազմաթիվ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, հիշողության կոշտ սկավառակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ու ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել են տնտեսական հանցագործության դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության սեփականատերը և գլխավոր հաշվապահը խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով 2022 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների։ Աշխատողների համար նույն ժամանակահատվածում հաշվարկված և վճարված աշխատավարձերը չեն հայտարարագրել ՀՀ ՊԵԿ ներկայացված, օրենքով սահմանված հաշվարկներում։
«Բացի այդ, հարկերը պակաս վճարելու նպատակով ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը, ինչի արդյունքում, քննության տվյալներով և կատարված հարկային պարտավորությունների հաշվարկներով, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ»,– ասված է հաղորդագրությունում։
Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների մասնակցությամբ ընկերության պատասխանատու անձանց բնակության հասցեներում, գործունեության վայրերում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, հիշողության կոշտ սկավառակներ և այլն։
Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև նշված ընկերության կողմից իրականացված գործունեության և ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու հնարավորությունը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցանքին ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։