Շուտով Հայաստան կմտնի ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանի խոսքով` իրենց համար առաջնահերթություն է աշխարհի 500 խոշորագույն ընկերություններին Հայաստան բերելը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Շուտով Հայաստան կմեկնի ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Շատ շուտով կունենանք լավ նորություն: Գործարք կա, որը շուտով կավարտվի, և ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը Հայաստանում ընկերություն ձեռք բերելու միջոցով կմտնի Հայաստան»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով իրենց համար առաջնահերթություն է աշխարհի 500 խոշորագույն ընկերություններին Հայաստան բերելը: Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է: Քերոբյանը հիշեցրեց, որ նախորդ տարի օրինակ «Nvidia» ընկերությունը մտավ ՀՀ։
Խոսելով ՀՀ–ում արվող ներդրումների մասին՝ նախարարն ասաց, որ նախորդ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով` ներդրումների ծավալն աճել է 20 տոկոսով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն էապես են աճել՝ հասնելով 700 մլն դոլարի. «Հույս կա, որ տարվա արդյունքներով կունենանք 1 միլիարդի հասնող թիվ, որը ռեկորդային է: Ի դեպ, շուտով կընդունվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը. այն ծանրակշիռ փաստաթուղթ է, և մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ։ Կարծում ենք, որ այդ փաստաթղթի կիրարկումը ներդրումների բավականաչափ լավ հոսք կապահովի»։
Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր «Nvidia» ընկերության կենտրոնակայան։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը քննարկվել էր «Nvidia»-ի հետ հնարավոր համագործակցությունը։
2022 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը, խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: