Շիրակի մարզի կանայք անվճար մամոգրաֆիական հետազոտության հնարավորություն կստանան

Արխիվային լուսանկար
Եվրասիական զարգացման բանկի տրամադրած 1 մլն դոլարի դրամաշնորհի շրջանակներում սահմանամերձ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում արդեն իրականացվել են կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզի կանայք անվճար մամոգրաֆիական հետազոտության հնարավորություն կստանան։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ծրագրի գումարը Շիրակի մարզին կտրամադրվի Եվրասիական զարգացման բանկի տրամադրած միջոցներից, որոնք հատկացվել էին Սյունիքի, Տավուշի, Լուռու մարզերում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար և ամբողջությամբ չէին ծախսվել։
Ծրագրից մնացած միջոցների հաշվին, կառավարության որոշմամբ, նախապես հաստատված դրամաշնորհային ծրագրում կներառվի նաև Շիրակի մարզը։
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018թ–ի ապրիլին, ուժի մեջ մտել` սեպտեմբերին։
Ծրագրի շրջանակներում սահմանամերձ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացվել են կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ:
Ծրագիրը մեկնարկվել է 2021 թվականի հունվարի 19-ից։ Շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու մարզում, այնուհետ տեղափոխվել Տավուշի մարզ, իսկ ներկայում ծրագիրը շարունակվում է Սյունքում:
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական վիճակագրության համաձայն, ծրագրի մեկնարկից ի վեր՝ մինչ 2022թ.-ի դեկտեմբերի 1-ը իրականացվել է 16 457 մամոգրաֆիկ հետազոտություն: Հետազոտված կանանցից 1199–ը ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների, որոնք նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։
Սյունիքի մարզում շարժական մամոգրաֆ կլինի, կանայք կկարողանան անվճար հետազոտվել
Ուղեգրված 1199 կնոջից 770-ն անցել են լրացուցիչ հետազոտություններ (մյուսները չեն այցելել), 172 կնոջ (1.1%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է, 168 հիվանդի տրամադրվել է անվճար մասնագիտացված բուժօգնություն: