ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Սարգիս Խանդանյանին։
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:
Քվեարկությունը գաղտնի էր։
Փետրվարի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Խանդանյանի թեկնածությունը, ինչից հետո նա ներկայացրեց բոլոր այն հարցերը, որոնք կարևորում է և որոնց ուղղությամբ պատրաստվում է աշխատել` Բաքվում պահվող հայ գերիներ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում։ Խանդանյանը նաև վստահեցրեց, որ ինչպես ՔՊ ծրագրում էր գրված, հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու բանաձև պետք է մշակել։
Նշենք, որ մինչ այս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Էդուարդ Աղաջանյանը։ 2023 թվականի հունվարի 27-ին նա հրաժարականի դիմում ներկայացրեց։