ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, մասնավորապես, որ 2018 թվականի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում Սարգսյանը դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ:
2018 թվականի հունվարի 18-ի նիստին ընդառաջ նա նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված, իր կողմից նախընտրած 26 զինծառայողների։ Բացի այդ, բնակարաններ են տրվել ՊՆ համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց:
Նրա հանձնարարությունը կատարվել է, ինչն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։